Եթե Հայաստանն իր գյուղացիների համար ջուրն ափսոսում է, այն նվիրում է Ադրբեջանին: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողներին ասել է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ գյուղացիներին անհրաժեշտ ջուրը կարելի է տալ  վաղ գարնանը՝ գարնանային հալոցքի հաշվին: «Եթե գյուղացիները չեն վճարում, պետությունը նախընտրում է, որ  այն հոսի Արաքս գետը, իսկ այդտեղից՝ Ադրբեջան եւ Կասպից ծով», - պարզաբանել է Դանիելյանը: Ըստ նրա՝ այդ ջուրը լիովին կբավականացնի գյուղացիների կարիքներին, եւ հետեւաբար,  Սեւանից ավելի շատ ջուր վերցնելու հարկ չի լինի:

Իր հերթին «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը նշել է, որ հարցն այնքան էլ միանշանակ չէ: «Հարցը նույնսիկ ջրի դիմաց վճարելը չէ: Դուք ինձ առաջարկում եք ավելացնել Հրազդանի հոսքը: Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում Մասիս քաղաքի հետ: Եվ քաղաքը, եւ հարակից գյուղերը գարնանը երբեմն ջրածածկ են լինում: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք ավելի շատ ջուր բաց թողնենք», - ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ խնդիրը կարող է լուծել Եղվարդի ջրամբարի կառուցումը: Այդ ժամանակ Սեւանն այլեւս բնական ջրամբար չի լինի: «Մենք կկարողանանք կուտակել մեզ անհրաժեշտ ջուրը, որն աստիճանաբար կօգտագործենք ոռոգման տարեշրջաննին», - պարզաբանել է Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ վերջերս իր հետ հանդիպել էին Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են առաջարկել Եղվարդի ջրամբարի շինարարության ծրագիր: «Սպասում ենք, որ ոչ հեռավոր ապագայում շինարարությունը կսկսվի», - նշել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Վեդիի ջրամբարի շինարարությունը պատրաստվում է ֆինանսավորել Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD):