Ուկրաինայում Արեւմուտքը կոպիտ սխալ գործեց, որից օգտվեց Ռուսաստանը: Այս մասին փետրվարի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով սխալն այն է, որ Ուկրաինայում Արեւմուտքը նաեւ աշխարհաքաղաքական հարց բարձրացրեց՝ ազատվել ոչ միայն իշխող վարչակարգից, այլեւ ընտրել եվրոպական ուղղություն: Իսկ Ռուսաստանը, որը, ըստ Մանուչարյանի, արդեն վարժվել է տեղեկատվական պատերազմների գործընթացին, հայտարարեց, որ Արեւմուտքը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինայի արդյունաբերությունը եւ օտար արժեքներ ներմուծել:  «Հայաստանում Արեւմուտքը չի կրկնում նույն սխալը: Այժմ Հայաստանում մենք լսում ենք հետեւյալ կոչերն Արեւմուտքի կողմից՝  խուսափել ցանկացած աշխարհաքաղաքական հարցից, հիմնական խնդիրը իշխող վարչակարգն է, որի դեմ պետք է ապստամբություն պատրաստել», - նշել է Մանուչարյանը, ընդգծելով, որ Արեւմուտքի վերջնական նպատակները տարածաշրջանում, միեւնույն է, աշխարհաքաղաքական են: