«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ առայժմ բժիշկները չեն կարողանում գտնել իր չքայլելու պատճառը: «Տարբեր բժիշկների մոտ գնում եմ, հետազոտում են, խորհրդակցում են, ասում են՝ ընկնելու հետեւանքով ողնաշարային բորբորքում կա, դրանից բացի՝ գլխում էլ ինչ-որ բան կա, բժիշկների մի մասը ասում է՝ դա վտանգավոր չէ, մյուս մասը ասում է՝ պետք է մտահոգվել: Չգիտեմ, առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա»,- ասաց դերասանը:
Նա շարունակում է բուժումներ ստանալ, բայց դեռ արդյունք չկա, չի կարողանում քայլել, ամբողջ օրն անց է կացնում անվասայլակին՝ տանը կամ հիվանդանոցում: Փորձում է կապ հաստատել նաեւ արտասահմանի բժիշկների հետ, որպեսզի նրանց կարծիքը եւս իմանա:
Ի դեպ, դերասանին վնասվածք հասցրած անձը դեռ չի հայտնաբերվել, նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:




























