Թուրքիան ի զորու չէ լուծել քրդական խնդիրը եւ մեն ինչ հանգում է քրդական ինքնավարության ստեղծմանը: Այս մասին փետրվարի յոթին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան փոխում է իր գաղափարախոսությունը՝ աթաթուրքյան էթնոազգայնականից իսլամիստականի: «Պետությունը աշխատում է քրդական հարցը մեղմելու ուղղությամբ, սակայն ամեն ինչ լավ կլիներ, եթե չլինեին Սիրիական ու Իրաքյան Քրդստանները: Կարծում եմ, որ ներկայիս քաղաքկանությունը կարող է շարունակվել, սակայն Թուրքիայի ներսում որեւէ քրդական խինքնավարության ձեւավորման գործընթացը ընթացքի մեջ է : Ներկայիս իշխանությունները չեն կարող լուծել այդ հարցը»,-հավելել է քաղաքագետը:
Ըստ նրա՝ վարչապետ Էրդողանի դերը երկրի քաղաքականության մեջ փոխվելու է: Եթե տարիներ առաջ կարելի էր ասել, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Աթաթուրք, ապա այսօր պարզ է, որ դա լինել չի կարող: Նա նաեւ նշել է, որ կարեւոր է այն հանգամանքը, որ Էրդողանը կորցրել է իր նշանակությունը ներկայիս իշխող կուսակցության համար:
Այն առնչությամբ, թե Թուրքիայում տիրող իրավիճակն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, նա ընդգծել է, որ ցանկացած ներքին անկայունութան դեպքում Անկարան չի կարողանա գնալ Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխության, քանի որ դա հայամետ քայլ կհամարվի:




























