Փետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռեւս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա եւ ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության պետը դժգոհություն հայտնեց, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, եւ հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երեւույթները բացառելու համար:
Վլադիմիր Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսեւորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երեւույթները:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ եւ անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց առավել հետեւողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:
Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգեց սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաեւ հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց ճանապարհային երթեւեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին եւ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:




























