Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Սամվելի Հարությունյանը զրպարտանք է համարում սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ սեռական բնույթի հայհոյանք է օգտագործել: Այդ մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Երեկ սոցցանցերում հայտնվել էր  հայցադիմում՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որում փաստաբանը օգտագործել էր սեռական բնույթի հայհոյանքներ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ փետրվարի 7-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ Փաստաբանների պալատին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ իր հերթին որոշում է կայացրել կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Գեւորգ Սամվելի Հարությունյանի (արտոնագիր N1457) նկատմամբ՝ պարզելու դեպքի հանգամանքները: «Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն  է  փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Գեւորգ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չգիտեր կարգապահական վարույթ ընդունելու մասին լուրը: Հարցից, թե ինչու է նման տեղեկատվություն տարածվել մամուլում, փաստաբանը բարկացավ:

«Դա զրպարտություն ա ընդամենը, տեխնիկական միջոցների օգնությամբ մարդու անունի վրա սեւ լաքա թողնել ա, ընդամենը էդքանը»,- զայրացավ նա ու անջատեց հեռախոսը՝ չպատասխանելով մյուս հարցերին: