Ոչ միայն Ռուսաստանի նախագահի խորհրդականի, այլ նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահի արտահայտությունները Ուկրաինայի կապակցությամբ  լիովին ճիշտ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Մաքսիմ Ցարենկոն:

Նշենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում կոչ էր արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին երկրում արտակարգ դրություն չմտցնել ու ոստիկանությունը դուրս բերել Կիեւի փողոցներից: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել էր Ուկրաինան դաշնային պետության վերածելու անհրաժեշտության մասին:

Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինան ինքնուրույն պետություն է, ճանաչված է միջազգային ասպարեզում: «Համապատասխանաբար, նման խորհուրդները, ինչպես ուժի կիրառում, Կիեւից իրավապահների հեռացում, խաթարում են Ուկրաինայի իրավական սուբյեկտ լինելու փաստը միջազգային ասպարեզում»,- ընդգծել է  Ցարենկոն: Նա հավելել է, որ այժմ Ուկրաինայում բարդ դրություն է, հիմնական խնդիրը հակամարտող կողմերի խաղաղեցումն է ընդունելի քաղաքական փոխզիջման միջոցով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի խոսքով, Ուկրաինայի դաշնայնացումն արդեն գաղափար չէ, այլ անհրաժեշտություն: «Դաժան ունիտար պետության շրջանակներում կարող է մշտական հակասություն լինել: Այն դադարեցնելու համար դաշնայնացում է հարկավոր»,- հայտարարել է Գլազեւը: Նրա համոզմամբ՝ այսօր Արեւմտյան ու Արեւելյան Ուկրաինայի մարզերի միջեւ տնտեսական, մշակության ու մարդկային կապերը նվազ են, քան Հարավ-Արեւելյան Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ արեւմտյան մարզերի ու Եվրամիության երկրների միջեւ: