Անհնար է, որ փաստաթղթային խնդիրներ չունեցող քաղաքացին չկարողանա մեկնել արտերկիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Ազգային անվտանգության ծառայությունից՝ անդրադառնալով փետրվարի 4-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-ամյա բնակիչ Ժիրայր Բաղրիկյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում առանց պատճառաբանության Մոսկվա մեկնելու թույլտվություն չտալու դեպքին:
«Այդ քաղաքացին պետք է դիմի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժին՝ պարզելու թե ինչ խնդիրներ ունի»,- ասացին ԱԱԾ աշխատակիցները:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ պատրաստակամություն հայտնեցին ուսումնասիրել Ժիրայր Բաղրիկյանի փաստաթղթերը:
Ժիրայր Բաղրիկյանի հորաքրոջ որդին՝ Գեւորգ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք փետրվարի 5-ին դիմել են ԱԱԾ: «Բոլոր տվյալներն ասացինք, թղթերը նայեցին ու մեզ հստակ ասացին, որ ոչ մի խնդիր էլ չկա»,- ասաց Գեւորգը՝ նշելով, որ Ժիրայրը բանակի հետ նույնպես խնդիրներ չունի:
Գեւորգի խոսքով՝ Ժիրայրը չգիտի՝ ինչ անի, ում դիմի եւ ինչպես այդ հարցը լուծի: «Երկու քարի արանքում է: Ասենք՝ մի ամիս ես օգնեցի, հա հետո ի՞նչ պիտի անի: Ո՞նց է ընտանիքին պահելու, չհաշված, որ տոմսն առել են, պիտի դրա փողը տա, իսկ օդանավակայանը չի էլ հատուցում»:
Տեղեկանալով, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցները պատրաստ են օգնել Ժիրայրին՝ Գեւորգն ասաց, որ առաջիկա երկուշաբթի կդիմեն:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միգրացիոն ծառայության գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասել էր, որ ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել, հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանը NEWS.am-ին պատմել էր, որ իր քեռու տղային՝ Ժիրայր Բաղրիկյանին առանց պատճառաբանության թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան. «Էսօր առավոտյան 11-ին ռեգիստրացիան էր, պասպորտը նայել են, գցել համակարգիչ ու առանց որեւէ պատճառաբանության արգելել մեկնել Ռուսաստան»: Ժիրայրը մեկ տարվա աշխատանքային պայմանագիր ուներ, մեկնում էր Յակուտսկ՝ արտագնա աշխատանքի: «Վիզան հունվարի սկզբին էր խփել, տոմսն էլ СибирАвия-ից շեֆն էր առել, ուղարկել»,- ասել էր Գեւորգը:
NEWS.am-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտնել էր, որ նման բան հնարավոր չէ:




























