Փրկարար ծառայությունը փետրվարի 7-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում տեղադրված վառելիքի տակառը երկու քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը եւ օպերատիվ խումբը:
Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Մ.-ի (մոտ 35տ) եւ անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շենգավիթ համայնքի Արին Բերդ կոչվող թաղամասում: Քիչ առաջ այս տարածքում գտնվող ավտոմասերի շուկա կոչվող հատվածում գտնվող յուղերի վերամշակման արտադրամասում երկու տղամարդու դիակ են հայտնաբերել:
NEWS.am-ին հաջողվել էր պարզել, որ մահացածներից մեկը պահակն է, մյուսը սեփականատերը, ով ազգությամբ պարսիկ է: Ըստ նախնական տեղեկությունների, պահակը մտել է արտադրամաս ու դուրս չի եկել, որոշ ժամանակ անց սեփականատերն է մտել ու կրկին դուրս չի եկել: Առայժմ շրջանառվում է թունավոր արտանետումներից մահվան վարկածը: Իրավապահները արդեն զբաղվում են միջադեպով:


























