«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ օրը, Սերժ Սարգսյանին օլիմպիադա ճանապարհելուց հետո, ի կատարումն ԳՄ դիրեկտիվների, որը գերակա շահ է հռչակել թիմի միասնականությունը, ԱԺ քառօրյայից վայրկյաններ անց` ժամը 18:30-ին, ի ապացույցն համերաշխության, Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի հետ ձեռ ձեռի կամ ուս ուսի տված՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում են հավաքել Հանրապետական «սերուցքին»` նախարարների, պատգամավորների, ընդհուպ «ընդդիմադիր» հարցեր տվող ՄԻԱԿ-ի անդամ Լեւոն Մարտիրոսյանին, եւ լիկբեզ են անցկացրել:
Հիմնական թեման եղել է կուտակային կենսաթոշակի «հմայքներն ու թշվառությունը»: Լիկբեզի մասնակիցները մտածել են, որ կբարձրացվի նաեւ գազի խնդրով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչի մասին նույն օրը խորհրդարանում խոսել էր Հ. Աբրահամյանը, սակայն ՀՀԿ-ն հավաքված է եղել հիմնականում կուտակայինի հաշվով:
Նիստը բավական երկար է տեւել է, երկու ժամ` բուռն եւ «կրքոտ»: Սակայն նիստի ավարտից հետո մասնակիցները խուսափում էին մանրամասներ հաղորդել, նրանց զգուշացվել է, որ արտահոսքեր «չկազմակերպեն» քննարկման «նրբությունների» մասով: Միայն արձանագրում էին, որ կուտակայինը շատ «ուժեղ» բարեփոխում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























