Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է ցանկալին իրականի տեղ ներկայացնել։ Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցները անպատկառաբար խեղաթյուրել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերը։

Նախօրեին եւս ադրբեջանական կողմը «հաղորդագրություն» էր տարածել, թե իբր  ադրբեջանցի զինվոր է զոհվել։ Ընդ որում՝ նեղություն չէին քաշել հստակեցնելու, թե միջադեպը հատկապես որ ուղղությամբ էր գրանցվել՝ Հայաստանի, թե ԼՂՀ-ի հետ սահմանին։ 

«Հաղորդագրությունն», այնուամենայնիվ, մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը. «Լրատվամիջոցները հայտնել են Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինվորի մահվան մասին։ Իսկ ո՞ւր մնաց օլիմպիական հրադադարը», - Twitter-ում այս առթիվ գրել է Ջեյմս Ուորլիքը։

Սա ադրբեջանական մամուլին բավարար էր թվացել եզրակացնելու, որ «ամերիկացի համանախագահը Հայաստանին մեղադրել է օլիմպիական հրադադարը խախտելու համար»։

Փաստը, որ համանախագահը չի մատնանշել մեղավորների, ադրբեջանական մամուլին քիչ է հուզում։  Ինչպես եւ այն, որ նման կեղտոտ միջոցներով հայտարարությունների իմաստը խեղաթյուրելը մոլորության մեջ են գցում բացառապես սեփական հասարակայնությանը։

Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել օլիմպիական խաղերի ընթացքում պահպանել հրադադարը։

Փետրվարի 7-ի առավոտյան ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել էին, թե փետրվարի 6-ի ժ. 18:40-ին մարտական առաջադրանք կատարելիս «դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Էշգին Գուլիեւը»:  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովի հրամանով մարտական առաջադրանք կատարելիս գործած սխրանքի համար Գուլիեւը հետմահու արժանացել էր «զինվորական ծառայության գերազանցության» 3-րդ աստիճանի մեդալի:

Հայկական կողմը կարծում է, որ Էշգին Գուլիեւը ոչ թե «փետրվարի 6-ի երեկոյան» է զոհվել, այլ շատ ավելի վաղ, ասենք՝ դիվերսիայի փորձերից մեկի ժամանակ։

Իսկ այժմ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել օլիմպիական խաղերի ընթացքում պահպանել հրադադարը, Ադրբեջանը «դիակը հանել է պահարանից»՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը արատավորելու ակնհայտ նպատակով։