Հայաստանում 2008թ.-ից սկսած արտագաղթն ավելացել է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ փետրվարի 8-ին ելույթ ունենալով արտագաղթի հարցերով քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ այս մասին են վկայում Հայաստանի Գիտության պետական կոմիտեի պատվերով Հայ-Ռուսական համալսարանի անցկացրած ուսումնասիրության արդյունքները։
«Իմ ներկայացրած տվյալները, ինչպես եւ ուսումնասիրության եզրակացությունները, մոտավոր են, հեղինակները մոտ ապագայում այն մանրամասն կներկայացնեն», - հայտարարել է Եգանյանը։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 1993-94թթ. բնակչության ամենաուժեղ արտահոսքնն է եղել։ Այդ շրջանում երկիրը լքել է մոտ 600 հազար մարդ։ 1995-2001թթ. արտահոսքը կազմել է 370 հազար։ Այսկերպ, Հայաստանի անկախության առաջին տասը տարիներին երկիրը լքել է գրեթե մեկ միլիոն մարդ։
2002-07թթ. արտագաղթի տարեկան ծավալը միջինը կազմել է տարեկան 25 հազար մարդ։
«Վերջին ուսումնասիրության համաձայն՝ 2008-13թթ. արտագաղթը կազմել է տարեկան 30-35 հազար մարդ։ Կախված կիրառվող մեթոդաբանությունից, արտագաղթի տարեկան գնահատականը կարող է կազմել 30 կամ 35-36 հազար մարդ», - հայտարարել է Եգանյանը։
Գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են աշխատատեղերի բացակայությունը կամ ցածր աշխատավարձը, մասնագիտությամբ աշխատելու հնարավորության բացակայությունը եւ բիզնեսով զբաղվելու անհնարինությունը։
«Հարցման մասնակիցները նաեւ այլ խնդիրներ են մատնանշել՝ երկրի բարոյական մթնոլորտի անթույլատրելիությունը, դրա հոգեբանական տհաճությունը։ Բայց այս եւ այլ խնդիրները հիմնականն են բնակչության մեկ քառորդից ոչ ավելիի համար», - հայտարարել է Եգանյանը։
Արտագաղթի հիմնական երկիրը՝ եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ, Ռուսաստանն է, որտեղ 95-96% սեզոնային եւ 75-76% երկարաժամկետ ներգաղթյալներ են մեկնում։




























