Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականություն չկա, բայց քանի որ հակառակարոդը անընդհատ փորձում է նոր սպառազինություն ձեռք բերել, Հայաստանը պետք է պատասխան քայլեր անի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նա նշել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք է ընթանում: «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին ժամանակներս փորձում է արդիականացնել իր «ՄիԳ-25» օդանավերի պարկը եւ ընդլայնել իր ավիացիոն պարկը: «Իմ կարծիքով՝ դա կարող է հանգեցնել ավիացիոն ոլորտում Ադրբեջանի առավելության, բայց դա փոխհատուցվում է տարածաշրջանում ամենահզորներից մեկը համարվող Հայաստանի եւ ԼՂՀ-ի հակաօդային պաշտպանության համակարգերով»,-հավելել է նա:

Ասատրյանի խոսքով՝ վերջին ժամանակների ողբերգական իրադարձությունները, այդ թվում հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի փորձի ժամանակ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահը, կարելի է կապել հունվարի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ:
Փորձագետն արձանագրել է, որ յուրաքանչյուր կարեւոր միջոցառումից, հանդիպումից կամ ընտրություններից առաջ, Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիոն գործողությունների է դիմում: Դրանով Ադրբեջանը փորձում է բանակցություններից առաջ ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչպես նաեւ ստուգել հայկական զինված ուժերի զգոնությունը: «Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր բանակի զգոնությունը բավական բարձր է»,-ամփոփել է փորձագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am