Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, դերասան 29-ամյա Սուրեն Փահլեւանյանը վթարի ենթարկվելու հետեւանքով վնասվածքներ չի ստացել, չի տուժել նաեւ մեքենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Փահլեւանյանը:

Նա պատմեց, որ իր մեքենան կողքից հարվածել է տաքսի ծառայության մեքենային, ավելին՝ հաղորդավարը նաեւ խոստովանեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է կատարել, այդ պատճառով էլ ոստիկանները արձանագրություն են կազմել: Թե ինչքան գումար պետք է վճարի դերասանը, կիմանա այսօր, երբ գնա մեքենայի ետեւից: Քանի որ նա տեղում չի սպասել ԱՊՊԱ-ի ժամանելուն, այժմ տաքսի ծառայության մեքենայի դռան վերանորոգման գումարը, ինքը պետք է վճարի: «Ես մեքենաս չեմ տեսել, տարել են ԳԱԻ-ի «պլաշադկա», այսօր կվերցնեմ: Վթարից հետո ես չեմ իջել մեքենայից, վատ զգացի, չիջա: Այդ գիշեր լավ չէի քնել, շտապում էի աշխատանքի, դա էր պատճառը, որ շոկ էր առաջացել եւ մեքենայից չիջա: Հետո, ֆիլմի նկարհանման համագզեստով էի՝ ԱԻՆ աշխատակից՝ ավագ լեյտանանտ, դրա համար էլ չիջա, սպասեցի, ընկերներս եկան, հարցերը լուծեցին»,- պատմեց հաղորդավարը:

Վթարից հետո Սուրեն Փահլեւանյանը աչքը չի վախեցել, նորից նստելու է ղեկին եւ խախտումներ է անելու չարձանագրվող վայրերում: «Շարունակելու եմ մեքենա վարել եւ խախտումներ անել այնտեղ, որտեղ արագաչափ չկա»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց հաղորդավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանրային հեռուստաընկերության հաղորդավար, դերասան, Երեւանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլեւանյանը վթարի է ենթարկվել: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, նրա վարած BMW մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել BYD մեքենային: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: