Ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ դերասանների վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Գործի շրջանակներում Opel Astra մեքենայի վարորդ, 34-ամյա Տիգրան Ասոյանը շարունակում է մնալ կալանավորված:
Իսկ դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ Տիգրան Ասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ ընթանալիս մեքենան չի վարել տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը չգերազանցող արագությամբ, չի իրականացրել իր վարած ավտոմեքենայի ընթացքի պատշաճ կառավարում, երթեւեկության ժամանակ ուշադիր չի հետեւել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, ինչպես նաեւ նախապես հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես, շրջադարձի առկայությունը, չի ընտրել երթեւեկության այնպիսի անվտանգ ու սահուն րեժիմ, որը կապահովեր ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորություն, ինչի հետեւանքով ուղեւորներ Ջիվան Նիկոլյանին եւ Արա Փիլաֆյանին անզգուշությամբ պատճառել է մահ:
Գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել:
34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր, իսկ Արամ Փիլոսյանը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:
Քրեական գործը հարուցվել էր ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով):



























