Բրյուսելում, փետրվարի 11-ին եւ 13-ին, տեղի կունենա «Արեւելյան գործընկեության» ԽՎ-ի (Եվրոնեսթ) քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի եւ էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստերը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Եվրոնեսթում» հայկական պատվիրակության անդամ, քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով մի շարք պատճառներով նիստերին չի կարողանա մասնակցել:
Նրա խոսքով՝ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է Վիկտոր Դոլիձեի եւ Ջեյք Պրոտասեւիչի «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ գործընկերության խթանումը 2011-4-2020 թվականներին Եվրոպական հարեւանության գործիքների միջոցով» անվանումը կրող համատեղ զեկույցը:
Զեկույցի հետ կապված, Զոհրաբյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը մի քանի դիտողություն ունի: «Մեր առաջարկները արդեն ներկայացվել են զեկույցի համանախագահներին: Վստահ եմ, որ մեր դիտողություններն ուշադրության կարժանանան եւ արդյունքում զեկույցը կլինի հավասարակշռված»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:




























