Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչուհի, նախկինում դատված Գեղեցիկ Վարդանյանն ու Լոռու մարզի բնակչուհի Աննա Էնգոյանը մեղադրվում են նորածին երեխա վաճառելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին: Գեղեցիկ Վարդանյանը Ֆրանսիայի քաղաքացի Ալլա Հովհաննիսյանից տեղեկանալով երեխա որդեգրելու նրա մտադրության մասին, հավաստիացրել է, որ որդեգրել կարելի է միայն երեխային գնելուց հետո: Գեղեցիկ Վարդանյանն Ալլայից պահանջել է 15 հազար ԱՄՆ դոլար: Երեխա գտնելու հարցում Գեղեցիկ Վարդանյանին օգնել է Լոռու մարզի բնակչուհի Աննա Էնգոյանը: Սեփական երեխային վաճառելու պատրաստակամություն է հայտնել Աննայի համագյուղացին՝ 28-ամյա Սերինե Ավետիսյանը, որը համաձայնվել է 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառել իր երեխային:

Գեղեցիկ Վարդանյանը եւ Աննա Էնգոյանը գտնվում են կալանքի տակ, իսկ Սերինե Ավետիսյանն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա փետրվարի 14-ին: