Ադրբեջանի կենտրոնական հեռուստաալիքներից մեկը լուրերի այսօրվա թողարկման ժամանակ Վրաստանի անկախությունը վերագրել է Ադրբեջանին:
Թղթակից Մեհրիբան Կասումովայի հաղորդման սյուժեում, որը նվիրված էր այս շաբաթ Ադրբեջան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կայանալիք այցին, հնչել էր հետեւյալը. «Վրաստանի անկախությունը մեծամասամբ ապահովվում է ադրբեջանական ներդրումներով»: Այնուհետեւ կադրում հայտնվել է խորհրդարանի պատգամավոր, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ, «քաղաքագետ» Ռասիմ Մուսաբեկովը, որն սկսել է խոսել ադրբեջանա-վրացական սերտ հարաբերությունների, Վրաստանի տնտեսությունում ադրբեջանական գործոնի հսկայական դերի մասին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ֆինանսավորվող միջազգային «CBC» ալիքը ստեղծվել է իշխանությունների կողմից` հակահայկական քարոզչություն ծավալելու նպատակով: Լուրերը եթեր են հեռարձակվում ռուսերեն, հայերեն, անգլերեն եւ պարսկերեն: Այն հեռարձակվում է «Hot bird»-ով:




























