Իշխող կոալիցիայի կազմում չընդգրկված խորհրդարանական ուժերն իրավունք ունեն հանդես գալ տարբեր քաղաքական հայտարարություններով, այդ թվում կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով, սակայն, կոալիցիայի ներսում նման հարց չի քննարկվում: «Ինչ վերաբերում է ոչ իշխանական քաղաքական ուժերին, դա նրանց իրավունքն է եւ այդ մասին պետք է նրանց հարցնել»,-նշել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական 4 կուսակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») հետագա քայլերին անդրադառնալով, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին հարցը ոչ միայն ժամանակին է, այլեւ նույնիսկ ուշացած է:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է կառավարությանն անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ այդ հարցը բարձրացնելով պետք է հստակեցնել համատեքստը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, իր հերթին, նշել է, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն միայն մյուս երեք ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ քննարկումներից հետո:
ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առկայության (44 պատգամավոր) դեպքում: Իսկ քանի որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը խորհդարանում ունեն բացարձակ մեծամասնություն, այս նախաձեռնության իրականացումը քիչ հավանական է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























