Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով, իր գրած զեկուցագրի հիման վրա ազատվել է աշխատանքից եւ խնդրել իրեն ազատել նաեւ կադրերի ռեզերվից: Իսկ թե ինչն է նման որոշման պատճառը, այս ամենը Վարդան Ղուկասյանը մեկնաբանել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Ինչո՞ւ դուրս եկաք աշխատանքից:
Ես ինքս եմ զեկուցագիր ներկայացրել, որ գոհ եմ, շնորհակալ եմ կադրերի ռեզերվից եւ դուրս եմ եկել, այդքան մի բան: Ես որեւէ պատճառաբանություն չեմ նշել, գրել եմ, որ խնդրում եմ ազատեք զբաղեցրած պաշտոնից եւ կադրերի ռեզերվից: Ես ուղղակի հասկացա, որ ոստիկանությունը դա իմ տեղը չէ:
Նո՞ր հասկացաք, որ ձեր տեղը չէ, չէ՞ որ դուք հին աշխատակից էիք:
Ես աշխատել եմ ռազմական ոստիկանությունում, ոչ թե քաղաքացիականում, տարբերությունը քաղաքացիականի եւ ռազմականի բավականին շատ է:
Քաղաքացիականը, փաստորեն, ձեր սրտով չէ՞:
Էդ մեկը սկի իրենց սրտով չէ, ուր մնաց թե մեր սրտով լինի:
Ի՞նչն է պատճառը, չէ՞ որ ռազմական ոստիկանությունում եւս Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ եք աշխատել:
Ես դրա մեկնաբանությունները կտամ մի փոքր ավելի ուշ:
Հրապարակումներ եղան, որ ձեզ աշխատանքից հանելով՝ Վլադիմիր Գասպարյանը փորձում է ինքնամաքրվել, իր վարկանիշը բարձրացնել:
Ինքնամաքրվել ինչի՞ց, ոչ 16 տարվա աշխատանքի ընթացքում ոչ փայլել ենք անգրագիտությամբ, ոչ փայլել ենք անգործությամբ, ոչ փայլել ենք խուլիգանությամբ, ոչնչով չենք փայլել, որ մեզանից ինքնամաքրվեն: Ինչի՞ց ինքնամաքրվել կամ ումի՞ց, իմաստ չեմ տեսնում ինքնամաքրման, խնդիրը ավելի խորքային է եւ ավելի լուրջ, որին ես դեռ փորձում եմ չանդրադառնալ:
-Այնուհանդերձ, չե՞ք հերքում, որ Վլադիմիր Գասպարյանի հետ հակասություններ ունեք:
Հակասությունները աշխատանքային չեն եղել, անձնական են եղել:
Աշխատանքից դուրս գալու ժամանակ կամ դրանից հետո Վլադիմիր Գասպարյանի հետ զրույց եղե՞լ է:
Ոչ, ես աշխատանքից դուրս եմ եկել, 2-3 օր հետո գնացել եմ Վրաստան՝ հանգստանալու՝ 10-15 օրով, նորից վերադարձել եմ Հայաստան, այդ ընթացքում մենք չենք հանդիպել, փորձեր էլ չեն եղել ոչ հանդիպելու, որ զրուցելու: Ես Հայաստանում եմ, դեռ չեմ արտագաղթում ու գործազուրկ եմ:
Դեռ-ը սպառնալից է, այսինքն՝ մտածո՞ւմ եք արտագաղթելու մասին:
Դեռ տեղ ունեմ: Այսօր բավականին շատ են ոստիկանները, որոնք որ դուրս են գալիս համակարգից եւ արտագաղթում են, եւ ոչ միայն համակարգից, այլեւ զինված ուժերից, եւ ես կուզենայի, որ դա հուզեր ոչ թե լրագրողներին, այլ ղեկավարությանը, որովհետեւ այսօր արտագաղթող զինվորականների քանակը լուրջ է, դա շատ վատ է, մանավանադ կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի համար: Մարդկանց հասցնում են այդ աստիճանի, այսինքն՝ ուրիշ բան է, երբ որ մարդ դուրս է գալիս, ուրիշ բան է, երբ որ մարդը թքում եւ հեռանում է, հետո սկսում են մեղադրել այս կամ այն մարդկանց, որ տեսեք այս մարդը դավաճան է, թողեց հեռացավ, համագործակցություն փնտրեց ուրիշ տեղ: Զինվորականներին պետք չի նեղացնել, ես համաձայն եմ, որ եթե զինվորականը հանցագործ է, պետք է պատժել: Խոսքը իմ մասին չէ, բայց ես ականատես եմ եղել, որ ուղղակի մարդուն ասել են՝ դիմումդ գրի ու գնա, ինքը ոչ հանցագործ, ոչ անգրագետ, ոչ վատ աշխատող է եղել, հույս է կապել համակարգի հետ, սակայն առանց պատճառաբանության ասել են դիմումդ գրի, գնա, ինքն էլ թքեց եւ հեռացավ, այդ երիտասարդը պիտի՞ մտածի արտագաղթի մասին: Ինձ փառք աստծո նման բանի չհասավ:
Վլադիմիր Գասպարյանը ո՞նց է ձեզ հիասթափեցրել, որ մտածում եք արտագաղթելու մասին:
Հա, բավականին:
Ի՞նչ սեւ կատու է անցել երբեմնի մտերիմների միջով, լրատվամիջոցները միշտ գրում էին, որ դուք շատ մտերիմ եք եղել եւ այդ պատճառով էլ ՌՈ-ից ձեզ բերել է ոստիկանություն:
Այո, մտերիմ ենք եղել, ճիշտ է: Չեմ կարծում, որ դա հասարակության սեփականությունն է, երբ հարմար լինի, ես ինքս պարզաբանումներ կներկայացնեմ: Ես շախմատիստ չեմ, շախմատ խաղալ չգիտեմ, բայց որ համակարգը վերածվել է շախմատի, դա անհայտ է բոլորի համար, ուղղակի մարդը կարող է պահի տակ ֆուկ լինել եւ այդպես քանդվում է երկիրը:
Ձեր խոսքում հիասթափության նոտա կա, ինչի՞ց է:
Եւ Չարբախի ոստիկանապետը, եւ Շենգավիթի ոստիկանապետը, հավատացնում եմ ձեզ, բավականին պարկեշտ ժողովուրդ են, ոչ մի խնդիր իմ անմիջական ղեկավարության հետ բացարձակ չի եղել, ինչպես նաեւ խնդիրներ չեն եղել ծառայողների հետ:
Ղեկավարությունից չե՞ն փորձել ձեզ համոզել:
Փորձել են, եւ ինչպես տեսնում եք, չհամոզվեցի:
Հնարավո՞ր է վերադառնաք ռազմական ոստիկանություն:
Խնդիրն այն է, որ իմ վերադառնալ-չվերադառնալը ես չեմ որոշում, դա կախված է, թե պաշտպանության նախարարությունը կհամաձայնի, թե չի համաձայնի, իմ որոշելով չի:
Դիմե՞լ եք իրենց, աշխատանքի առաջարկներ չկա՞ն:
Ոչ, դեռ չեմ դիմել, աշխատանքի առաջարկներ եւս չկան, համալրել եմ գործազուրկների բանակը:
Ի՞նչ կապ ունեք դուք nrnak.com կայքի հետ, բազմաթիվ հրապարկումներ եղան ձեր՝ այդ կայքի հետ ունեցած առնչության մասին, մասնավորապես՝ այն, որ ձեր աշխատանքից դուրս գալուց հետո այդ կայքի աշխատանքը եւս կասեցվել է:
Կարդացել եմ լրատվամիջոցներում, nrnak.com-ը ինձ հետ այնքան կապ ունի, ինչքան դուք կապ ունեք այդ կայքի հետ: Սա ուղղակի լրատվական կայք էր եւ այնտեղ աշխատողների հիմնական լրագրողները, որոնք նախկինում ծառայել են բանակում, եղել են իմ զինվորները կամ այսպես ասած՝ ճանաչել ենք զուտ այդքանով, որ ուղղակի ծանոթ ենք իրար հետ եւ շփվել ենք տվյալ անձնակազմի հետ մինչեւ իրենց լրագրող դառնալը: Թե ինչի՞ է կոնկրետ դա կապված ինձ հետ, չեմ ուզում խորանալ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























