Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանությունից գրեթե 5 ամիս է անցել, սակայն այդպես էլ այն չի բացահայտվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ գործը չի կարճվել, քննությունը շարունակվում է, ոստիկանները լուրջ աշխատում են:

Նրան զայրացրել էր պնդումը, թե մահվան վկայականում գրել են, որ Մխիթար Սեդրակյանը մահացել է սրտի կաթվածից. «Եթե քրեական գործ է հարուցվում սպանության հոդվածով, ո՞նց կարող է կաթված գրեն մահվան վկայականում, նման բան չի կարող լինել»,- ասաց Հրաչյա Հովակիմյանը:

Նա շեշտեց, որ իրենք ամբողջ կոլեկտիվով շահագրգռված են, որ գործը բացահայտվի, իսկ թե ինչու դա չի լինում, տնօրենն այսպես մեկնաբանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ մթության մեջ է եղել եւ տեսախիցկները չեն ֆիքսել, ընդամենը ստվերն է արձանագրվել: Երբ որ գիտես, որ մարդը թշնամի ունի, խնդիրներ ունի, ավելի հեշտ է բացահայտելը, բայց սա այնքան պրիմիտիվ է, որ դրանով բարդություններ է ստեղծում, որովհետեւ նա ոչ մեկին վնաս չի տվել, ոչ մեկին վատ բան չի արել: Ես էլ եմ ապշած, որ նման մարդու սպանել են»,- ասաց նա:

Խոսրովի արգելոցի տնօրենը չցանկացավ բարձրաձայնել, թե ինչ եզրակացության է եկել իր աշխատակցի սպանության դրդապատճառների մասին, «տարբեր կարծիքներ կան, ոստիկանները աշխատում են, ամեն ինչ կպարզեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: