Վրաստանի արեւմուտքի Քութայիսի հարեւանությամբ գտնվող Գեղութի բանտում մեծ թվով բանտարկյալներ կտրել են երակները: Ըստ փետրվարի 10-ին ազատված նախկին բանտարկյալի` բանտում երակները կտրել է 300 բանտարկյալ:
Նշենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ ակցիային մասնակցել է 10-17 մարդ:
Գեղութի բանտում բողոքի ակցիային մասնակցած բանտարկյալների ընտանիքի անդամները փորձել են ներխուժել քրեակատարողական հիմնարկի տարածք` երակները կտրելու լուրն ստանալուց անմիջապես հետո, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Բանտարկյալների հարազատների գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից: Բանտարկյալների ընտանիքի անդամները պահանջում են տալ այն դատապարտյալների անունները, որոնք վնասել են իրենց: Նրանք պնդում են, որ իրենց երակներն են կտրել 300 մարդ, պատիժների իրագործման նախարարությունն այդ թիվը չի հաստատում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Քութայիսի հարեւանությամբ գտնվող Գեղութի ուղղիչ գաղութում 1000 բանտարկյալ հացադուլ էր հայտարարել` ի նշան բանտի ղեկավարության դաժան վերաբերմունքի դեմ բողոքի: Զուգահեռ գաղութի մոտ հավաքվել էին բանտարկյալների ծնողները, որոնք պահանջում էին բանտի ղեկավարության հրաժարականը:
Ըստ Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզարա Սուբարիի` «դա քրեական հեղինակությունների կազմակերպված ցույցն է», որոնք դժգոհ են բանտերում իրենց արտոնությունները սահմանափակող միջոցառումներից:




























