Եվրոպական Միությունը հորդորել է Ուկրաինայում ստեղծել նոր կառավարություն, ինչից հետո երկրում պետք է անցկացվեն ազատ եւ արդար նախագահական ընտրությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես եկած դաշինքը սակայն Ուկրաինայի դեմ ուղղված պատժամիջոցներ ընդունելու մասին կոչ չի արել:

Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարներն Ուկրաինայում նոր կառավարություն ստեղծելու եւ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին կոչով հանդես են եկել Բրյուսելում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Սակայն քանի որ Եվրամիությունը Ուկրաինային առաջարկում է բարելավել տնտեսական հարաբերությունները, արտգործնախարարները  պատժամիջոցներ ընդունելու մասին հայտարարությամբ այնուամենայնիվ հանդես չեն եկել:

Շատերի ուշադրության կենտրոնում հիմա Ռուսաստանն է, որտեղ անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց ավարտից հետո, ըստ Ուկրաինայի ցուցարարների, երկրի իշխանությունները կրկին բռնությունների կդիմեն՝ Ռուսաստանի աջակցությամբ: