ՌԼԴԿ առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է օրենսդրությամբ արգելել ահաբեկչությունների ու հանցագործությունների մասին տեղեկատվության տարածումը, ինչպես օրինակ Մոսկվայի դպրոցում եւ Հարավային Սախալինի եկեղեցում կրակոցների դեպքերն էին:
«Մենք եւս մեկ անգամ կպնդենք օրենքում փոփոխություններ կատարել. ցանկացած ահաբեկչության մասին ոչ մի տեղեկություն չհաղորդել», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Ըստ պատգամավորի՝ միայն ահաբեկչության փաստի մասին հաղորդելը բավական է, մանրամասներ պետք չեն:
«Օրինակ այդ դպրոցականի հարցով: Այսօր առավոտյան աշակերտը հանցանք է գործել, սպանվել են ուսուցիչն ու մեկ ոստիկան: Եվ վերջ: Ոչինչ չհաղորդել՝ ոչ ազգանուն, ոչինչ: Իսկ երկու ամիս անց՝ հանցագործը դատապարտվել է այսինչ ժամկետի: Այդ ժամանակ կհասկանան, որ ոչ մի գովազդ չեն ստանա», — նշել է Ժիրինովսկին:
Ըստ նրա՝ մամուլը հաճախ գովազդում է ահաբեկիչներին, «իսկ մարդկանց մի մասն ուղղակի օրինակ է վերցնում»:
Հիշեցնենք, փետրվարի 9-ին Հարավային Սախալինի եկեղեցում տղամարդը կրակ էր բացել հավատացյալների վրա: Երկու մարդ զոհվել էր:




























