Հայաստանում առաջիկա ամիսների ընթացքում տպագրվելու է բույսերի ու կենդանիների Կարմիր գիրքը: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով նախարարության աշխատանքում գերականերից է նաեւ Սեւանի մակարդակի բարձրացման խնդիրը: Այս պահի դրությամբ Սեւանի մակարդակը 55 սմ-ով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակ:

Բացի այդ, նախատեսված է, որ Սեւանի մակարդակի բարձրացման հետ կապված՝ այս տարվա ընթացքում ջրածածկման ենթակա տարածքներից 600 հեկտարը պետք է մաքրվի: Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա տարածքները 3 հազար հեկտարից ավելին է: Ըստ նախարարի, ներկայումս այդ տարածքները քարտեզագրվել են, ծառերը համարակալվել են, եւ մաքրման աշխատանքները պետք է կատարվեն ըստ այդ քարտեզագրման:

Հիշեցնենք, որ այդ նպատակով բյուջեից նախատեսված է հատկացնել 257,5 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է Սեւանում ձկնատեսակների պահպնմանը, ապա Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշման նախագիծ է պատրաստվել, ըստ որի՝ առաջիկա երեք տարիներին կարգելվի ձկնորսությունը Սեւանում: Բացի այդ, մանրաձկան համալրման աշխատանքներ են տարվում, որի համար մրցույթ է անցկացվել, ու թեեւ այն չի կայացել, սակայն նորից է անցկացվելու: Հատկապես ուշադրություն է դարձվելու էնդեմիկ ձկնատեսակների համալրմանը: