Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն ու զբոսաշրջիկները դժգոհ են Սոչիում բժշկական սպասարկումից։
Մի քանի երկրների օլիմպիական կոմիտեներ մտահոգություն են հայտնել իրենց մարզիկներին և այցելուներին տրամադրված բուժօգնության վերաբերյալ, իսկ ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է փաստաթուղթ, որի համաձայն՝ բուժօգնությունը Սոչիում թանկ է, դժվար հասանելի և շատ հաճախ` ոչ բավարար:
Թեեւ Սոչիի փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցն անցած տարի հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի ընթացքում քաղաքի բոլոր բուժհաստատությունները կաշխատեն շուրջօրյա գրաֆիկով, սակայն Moscow Times-ի թղթակիցը պարզել է, որ, օրինակ, 2-րդ հիվանդանոցի չորս մասնաճյուղերում աշխատաժամերի փոփոխություն չի եղել, բացի շտապօգնության ծառայությունից, որը սովորականից երկու ժամ երկար է աշխատում:
Կրասնոդարի երկրամասի իշխանությունները խոստացել են անվճար շտապօգնության ծառայություն տրամադրել մարզիկներին, սակայն հիվանդանոց պառկելու դեպքում բուժումը վճարովի է, իսկ ապահովագրությունը պարտադիր է:
Ըստ Սոչիի առողջապահության բաժնի պետ Ալեքսանդր Լեբեդեւի` Սոչի է բերվել լրացուցիչ դոնորական արյուն և դեղորայք, որոնց համար 1.3 մլն ռուբլի (37,000 ԱՄՆ դոլար) է հատկացվել: Սոչիի կենտրոնում գտնվող դեղատան աշխատողը, սակայն թերթի թղթակցին ասել է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում իրենց դեղատանը լրացուցիչ հատկացումներ չեն եղել, և ոչ մի ցուցումներ չեն տրվել, թե դեղագործն ինչպես պետք է աշխատի խաղերի ընթացքում:
Սոչիում գործող դեղատներից շատերը շուրջօրյա են, սակայն անգլախոսների համար դեղորայք գնելը Սոչիում խնդրահարույց է: Անգլալեզու հատուկ ցուցատախտակների վրա նշված չեն հիվանդանոցների և դեղատների ուղղությունները, ինչի հետեւանքով օտարերկրացիներից երբեմն մինչեւ մեկ ժամ է պահանջվում՝ մոտակա դեղատունը գտնելու համար։ Ավելին, դեղատան աշխատողներից շատերը անգլերեն չեն խոսում: Թղթակիցը քաղաքի դեղատներից մեկում 15 րոպե անգլերեն փորձել է բացատրել աշխատակցին, որ գլխացավի դեղ է ուզում։




























