Եղեգնաձորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տեղափոխումը հիվանդանոցային մասնաշենք ընթացքի մեջ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովման վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ հունվարի 23-ի որոշմանը՝ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական ծառայությունները՝ բացառությամբ ռենտգեն ծառայության, տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում:
«Հիվանդանոցը հավելյալ 1017 քմ տարածք է գնելու, որպեսզի բոլոր կաբինետները տեղավորի»,- ասաց Սամվել Շահբազյանը:
Պոլիկլինիկայի մասնաշենքի փոփոխության մասին խոսակցությունները սկսվել են դեռ 2006թ.-ից, սակայն արդեն 8 տարի բժիշկները շարունակում են աշխատել պոլիկլինիկական մասնաշենքում: «Համար 50 որոշմամբ պետք է փետրվարի 15-ից տեղափոխվենք, բայց դեռ ընթացքի մեջ է այս գործընթացը: Առաջիկայում կտեղափոխվենք»:
Կառավարության որոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժինը տեղափոխվում է Վայքի բուժական միավորում: Հարցին, թե ինչքանով է այս տեղափոխությունը հարմար Եղեգնաձորի եւ հարակից գյուղերի բնակիչներին՝ Սամվել Շահբազյանը պատասխանեց. «Հարմարությունով չի որոշվում, օպտիմալացման հարցն է՝ կապված ֆինանսավորման, պետական ծրագրերի հետ»:
Չնայած կառավարության այս որոշմանը՝ մարզում առողջապահական խնդիրները մնում են բաց: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովման վարչությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով վերանորոգել մարզի հիվանդանոցները:
«Նորագույն տեխնոլոգիաների, կադրերի պակաս ունենք, բացի դրանից հիվանդանոցն ամբողջությամբ վերանորոգված չի »,- ասաց Սամվել Շահբազյանը:
Նշենք, որ Վայոց Ձորում գործում է երեք հիվանդանոցային բուժհաստատություն: Կան բժիշկներ, որոնք ընդհանուր են երեքի համար էլ, օրինակ անեսթեզիոլոգը:




























