Նյու Յորքի 56-ամյա բնակչուհի Դիանա Փափազյանն ասում է, որ իր կյանքը փրկելու համար պարտական է Թրոյ անունով դոբերմանին: Բանն այն է, որ շունն իր տիրուհու կրծքում չարորակ ուռուցք է հայտնաբերել: 

Չորս ամսական Թրոյի` տիրուհու կրծքին հպվելու  համառ ցանկությունը շփոթեցրել էր Դիանային:

Շան համառ ջանքերի արդյունքում Դիանայի մոտ ալերգիա էր սկսվել, եւ կրծքի հատվածում մաշկը մշակելիս Դիանան փոքրիկ գոյացություն էր  շոշափել: Այդ ժամանակ նա գնացել էր բուժզննման:

Ավելի ուշ պարզվել էր, որ կնոջ մոտ 3 սմ-անոց չարորակ ուռուցք կա: Ժամանակին բուժվելու շնորհիվ նրա կյանքը փրկել են:

«Ես շատ շնորհակալ եմ Թրոյին,  չէ՞ որ նա փրկել է իմ կյանքը, - ասում է  տիրուհին: - Բուժման ընթացքում ես միշտ զգացել եմ նրա ներկայությունը»:

Փափազյանը հավելել է, որ շնորհակալ է նաեւ իր ամուսնուն՝ Հարրիին, որը համոզել էր իրեն ընտանիք ընդունել Թրոյին:

Ըստ գիտնականների՝ շների հոտառությունը մարդու հոտառությունից սուր է 100 000 անգամ, ինչը նրանց հնարավորություն է տալիս հայտնաբերել չարորակ գոյացությունների նշանները: Ըստ 2003թ. կատարված ուսումնասիրության՝  շները կարող են զգալ թոքերի եւ կաթնագեղձերի քաղցկեղի հոտը՝ ընդամենը հիվանդների շունչը հոտոտելով:

Բացի դրանից, 2011թ. հունվարին բրիտանական «Gut» ամսագրում հրապարակվել էր գիտնականների զեկույց, ըստ որի՝ Մարին անունով լաբրադորը ուղիղ աղիքի քաղցկեղ էր հայտնաբերում գրեթե 100% ճշգրտությամբ, հայտնում է FederalPost-ը: