Բնապահպանության նախարարությունը Երեւանում օդի աղտոտվածության հետ կապված ուսումնասիրություններ է իրականացնում, որի նպատակով 5 կայաններ են տեղակայվել, որոնք գործում են ավտոմատ ռեժիմով: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ դա հնարավորություն է տալիս ճիշտ պատկերը ստանալ:

Հարցին, թե Երեւանում մթնոլորտի աղտոտվածության մակարդակը չափելուց բացի, նախարարությունն ի՞նչ է անում այդ մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, նախարարը պատասխանեց, որ այս տարվա ընթացքում Երեւանում աղտոտվածությունը չափող ավտոմատ սարքեր են տեղադրվելու, որի օգնությամբ հնարավոր կլինի իմանալ յուրաքանչյուր մեքենայի աղտոտման մակարդակը: Բացի այդ, մեքենաների ներկրման ժամանակ կստուգվեն, թե նրանք որքանով են համապատասխանում աղտոտման չափանիշներին եւ եթե չեն համապատասխանում, անպայման ֆիլտրեր կտեղադրվեն այդ մեքենաներում:

Հարց հնչեց նաեւ Սարի թաղին հարակից տարածքն անտառապատելու հետ կապված, ինչի վերաբերյալ Ա. Հարությունյանն ասաց, որ դա կանոնակարգվում է Երեւանի հատակագծով: Նա նշեց, որ թեեւ ինքը տեղյակ չէ, թե երբ կանտառապատվի այդ տարածքը, սակայն հավելեց, որ ինքը կարծում է, որ հատակագծով անպայման այդ տարածքի անտառապատումը ներառված կլինի: