ԱՄՆ-ի ութ նահանգների՝ Վիրջինիայի, Մերիլենդի, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի, Ջորջիայի, Ալաբամայի, Միսիսիպիի եւ Լուիզիանայի  իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ կիրառելու մասին են հայտարարել՝ տարերքի պատճառով:

Թեքսաս նահանգում ձյան տեղումների զոհ է դարձել չորս մարդ, որոնք զոհվել են ավտոպատահարներից կամ ձնամաքրման աշխատանքների ժամանակ դժբախտ դեպքերից:

ԱՄՆ-ի ողջ տարածքում մոտ 3000 չվերթ է հետաձգվել: Բացի այդ, Հյուսիսային Կարոլինայում եւ Ջորջիայում մինչեւ փետրվարի 13-ը դպրոցները չեն գործի: Բնակիչներին կոչ են անում առանց ծայրահեղ անհրաժեշտության չլքել տները:

Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալով՝ առաջիկա օրերին անբարենպաստ եղանակ կդիտվի ԱՄՆ-ի հարավային եւ հյուսիսարեւելյան եւս 16 նահանգներում՝ Թեքսասից մինչեւ Նյու Ջերսի, որտեղ 90 միլիոնից ավելի մարդ է բնակվում: Ձյունը, ըստ մասնագետների, տարածաշրջանում վերջին 10-20 տարում ամենասաստիկը կլինի:

Հիշեցնենք, 2014-ին ԱՄՆ-ում մեկ անգամ արդեն գրանցվել էին աննախադեպ տեղումներ: Հունվարին երկրի հարավ-արեւելքում ձնաբուքից առնվազն 13 մարդ էր զոհվել:  Նվազագույնը ինը մարդ զոհվել էր հունվարի սկզբի փոթորիկներից:

Ձյունն ուղեկցվում է երկրի համար անսովոր ցածր ջերմաստիճանով: Մի քանի շրջաններում սառնամանիքները ռեկորդային են եղել:

Հունվարի սկզբին սառել էր Նիագարայի ջրվեժը: Նման բան  պատմության ընթացքում ընդամենը երկու անգամ էր տեղի ունեցել՝ 1848 եւ 1912 թվականներին: