Ազգային ժողովում ինտենսիվորեն տեղադրվող տեսախցիկները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի սրտով չեն: «Գող, սիրտը դող, դրանք իրենց շվաքից են վախենում, դրա համար էլ տեսախցիկներ են դրել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Ապարանյան ծագումով հայտնի ԲՀԿ-ականը ԱԺ տեսախցիկների դեմ որոշել է պայքարել իր զինանոցով: «Ես էլ կարմիր գծերն եմ քաշելու, էդ գործն էլ ես եմ վեկալելու: Հերիք է իշխանությունները սաղ իրենց վեկալեն, կարմիր գծերն էլ մենք ենք վերցնելու: Դրանք քաշելու եմ, պարան եմ գցելու, կեռ եմ անելու, որ ամեն մեկը իր տեղը ունենա կանգնելու, ոնց որ գոմում: Քանի որ ԱԺ-ն արդեն անասնագոմի է վերածվում, կարելի է էդ էլ անել միանգամից: Կարմիր գծերը կքաշեմ, կպրծնեմ, կդառնա իսկական խորտկարան, խորհրդարան ա, խորտկարան ա, շատ գիտեմ ինչ ա, արդեն չեմ էլ կարողանում հասկանամ՝ ինչի է դա նման»:
Հարցին, թե ում է պետք Աժ-ում համատարած տեսախցիկների տեղադրումը, Լյովա Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Քանի որ ԱԺ-ն գոմի է վերածվել, բոլորին պետք է վերահսկեն, որ իրար չպոզահարեն, դա բնական բան ա: Ինձ համար մեկ ա, էդ ինձ չի վերաբերում, գիտես որ հիմա խոսում ենք, էդ նույն բանը էս հեռախոսի մեջ չի, հսկում են, որ ապահով լինենք»: Մենք, թե իրենք ապահով լինեն դիտարկմանն էլ նա այսպես արձագանքեց՝ «ես ասանք ասեմ, դու անանք հասկացիր:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ եւ խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին: Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետեւող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին.
«Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարեն, իմանա՞ն. հո գաղութ չի՞, ԱԺ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չե՞նք, որ մեր ամեն քայլին հետեւեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչնե՞րս են ստուգում»: Ինչի՞ չեք հարցը ԱԺ նիստի ժամանակ բարձրացնում, այլ էսպես` միջացքներում, լրագրողների «դոշին» լաց եք լինում: «Ասենք, որ ի՞նչ անենք, ուշ է, խիարն արդեն թարս է աճել»:




























