Շատերը վաղուց կասկածում էին, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղները տարբեր են: Այժմ Քեմբրիջի համալսարանի հետազոտողները պարզել են դրանց ամենամեծ տարբերությունը:

Ավելի քան 20 տարի նեյրոգիտությունների հետազոտություններից հետո գիտնականները կարողացել են քարտեզ ստեղծել, որը ցույց է տալիս, թե որքանով են տարբերվում հակառակ սեռի ներկայացուցիչների գանգատուփերի պարունակությունը:

Հետազոտությունն ընտրել է 218 տարբեր ուսումնասիրություններ: Հաստատվել է, որ տղամարդկանց ուղեղի ծավալը 8-13 տոկոսով ավելի մեծ է, քան կանանց ուղեղը: Տղամարդկանց ուղեղը գերազանցում է նաեւ ըստ հետեւյալ ցուցանիշների՝ գորշ նյութ(9 տոկոս), սպիտակ նյութ(13 տոկոս), ողնուղեղային հեղուկով հատվածներ(11.5 տոկոս) եւ ուղեղիկ(9 տոկոս):

Առավել մանրամասն դիտարկելուց հետո հայտնաբերել են, որ տարբերությունները մի քանի հանգամանքներով են պայմանավորված: Դրանց թվում են հույզերի ու լեզվային համակարգի համար պատասխանատու հատվածները:

Փորձագետները ենթադրում են, որ հետազոտությունը կարող է ազդել աուտիզմի եւ դեպրեսիաների հետագա ուսումնասիրությունների վրա: Այն կարող է օգնել հասկանալ սեռական տարբերությունները, սեռով պայմանավորված հոգեկան հիվանդությունները:

Խումբն ուսումնասիրել է ուղեղին վերաբերող 1990-2013թթ. հրապարակված աշխատանքները, ընդհանուր առմամբ թվով 126 աշխատանք, որոնց շրջանակներում ուսումնասիրել են մարդու ուղեղը ծնունդի պահից մինչեւ 80 տարեկան հասակ, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին: