Գյումրիում ոստիկանների եւ բժշկի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի կարգավիճակում գտնվող բժիշկ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Այն կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 18-ին, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին”շ:

Ըստ մեղադրական եզրակցության ՝ Վահագն Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 25-ին, ժ.22:30-ի սահմաններում իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, դրսեւորելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք, փորձել է ձեռքով հարվածել, որի արդյունքում Վ.Մադոյանի ձեռքը կպել է ոստիկանի դեմքին դրված օպտիկական ակնոցներին, ինչի հետեւանքով ակնոցներն ընկել են գետնին ու վնասվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին կալանավորվել էր, այնուհետեւ 1մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: