Քննիչները երկու ամսական երեխայի մահվան մեղադրանքները հանել են ծնողների վրայից, փորձագետները պարզել են, որ երեխային կատուն է խեղդել, հայտնել է Բուրյաթիայի ՔԿՔՎ-ի ներկայացուցիչը: 

Հաղորդվում է, որ երեխան մահացել էր հունվարի սկզբին՝ Ջիդինի շրջանի գյուղերից մեկում: Նախօրեին ծնողները նշել էին ավագ երեխայի 3-ամյակը, խմել էին: Երեկոյան 19-ամյա մայրը կերակրել էր երկու ամսական երեխային, իսկ առավոտյան նրան օրորոցում մահացած էր հայտնաբերել, երեխայի բերանին արյուն էր եղել, շորերին՝ կենդանու մազեր, իսկ կողքին քնած էր եղել  տան կատուն: Մայրը չէր բացառել, որ կերակրելիս կարող էր քնել եւ  խեղդել երեխային:

Փորձագետները ստուգել էին երեխայի թունավորման եւ բարձով խեղդելու վարկածը:

«Ըստ փորձաքննության՝ մահը վրա է հասել կրծքավանդակին սեղմելու հետեւանքով: Հոր եւ մոր հարցաքննությունից,  բժշկական փորձագետների եզրակացություններից ելնելով՝ քննությունը եզրակացրել է, որ երեխայի մահվան մեջ մեղավոր է կատուն: Քրեական գործ չի հարուցվել», — նշել է Բուրյաթիայի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեխայի թաղումից հետո ընտանիքը չի ազատվել կատվից, կենդանին շարունակում է տանն ապրել:

ՔԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ընտանիքը չի կարելի անվանել ոչ բարեկեցիկ, թեեւ  «ծնողները եւ տատիկը խմում են, ավագ երեխան լավ տեսք ունի, տանն ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ կա»: