Այսօր` ապրիլի 20-ին Երեւանում մեկնարկեց «Մշակութային ցեղասպանություն» անվանումը կրող միջազգային գիտաժողովը, որի բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նախ տեղեկացրեց, որ գիտաժողովը ուղիղ կապով ցուցադրում է նաեւ Հյուսիսային Ամերիկայում եւ Կանադայում սփռվող հեռուստաընկերություններից մեկը, ապա նշեց. «Այսօր համայն հայությունը միակամ պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, որի վկան են ՀՀ նախագահի ելույթները Վաշինգթոնում, Լոնդոնում եւ այլուր: Ցեղասպանության կորուստներն այնքան անչափելի են, որ հայ ժողովրդի բաց վերքն անընդհատ մորմոքվում է, եւ մենք շարունակում ենք պահանջատեր լինել: Ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարշավը շարունակվում է աշխարհում»:

Նրա խոսքով, 20-ր դարասկզբին ցեղասպանություն տեսած հայ մտավորականությունը հասկացավ, որ պետք է ստեղծել հոգեւոր հայրենիք, որի արտացոլումը դարձան Շառլ Ազնավորն ու Անրի Վեռնոյը, Վիլյամ Սարոյանն ու Արշիլ Գորկին: Հ. Հակոբյանը նկատեց, որ մշակութային ցեղասպանությունը այսօր էլ շարունակվում է աշխարհի տարբեր մասերում, որին եկավ գումարվելու նաեւ մեր Ջուղայի 10 հազար խաչքարերի ոչնչացումը: «Լոնդոնում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը դա անվանեց հոգեւոր-մշակութային եղեռն: Մշակութային արժեքների ոչնչացումը եւս ցեղասպանություն է»,- ընդգծեց նախարարն ու հավելեց, որ պետք է ստեղծել համազգային ծրագիր, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել մեր մշակութային արժեքներն աշխարհի բոլոր վայրերում, նաեւ պետք է կարողանանք ներգործել միջազգային իրավունքի վրա, որպեսզի «մշակութային ցեղասպանություն» արտահայտությունը ներդրվի միջազգային իրավունքում ու փաստաթղթերում: