«Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ Երեւանի երկու վարչական տարածքներում եւ Սյունիքի մարզում անցկացրած վերջին ուսումնասիրությունները հանրակրթության որակի կտրուկ անկում են գրանցել»,- ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը։
Ընդգծելով,որ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնը անկախ մարմին է եւ գործում է կառավարությանն առընթեր՝ նա հիշեցրեց, որ այդ մարմնի անկախ եւ Կրթության ու գիտության նախարարությունից առանձին գործունեության առաջարկը 2009-ին հենց ինքն է արել։ Նրա խոսքով, կառուցի անկախ լինելու հանգամանքն իրեն թույլ է տալիս հավատալ արձանագրված տվյալներին։ Իսկ տվյալները, Բախշյանի հավաստմամբ, խիստ մտահոգիչ են։ «Երեւանում եւ Սյունիքի մարզում կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սյունիքում, մայրաքաղաքի համեմատությամբ, աշակերտների հաճախելիության մակարդակը խիստ բարձր է։ Չնայած Սյունիքի մարզի մարզպետի հանդեպ ունեցած իմ բացասական վերաբերմունքին՝ կարծում եմ, այստեղ կեղծիքներ չկան, քանի որ ստուգումների մեխանիզմներն ինձ հավատ են ներշնչում»,- նկատեց Ա. Բաշխյանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ առանձնապես մտահոգիչ են հայոց լեզվի եւ օտար լեզուների միջին գնահատականները. «Գնահատման 10 բալանոց սանդղակում հայոց լեզվի միջին գնահատականը 3.9 է, օտար լեզուներինը՝ ավելի ցածր։ 5 միավորից բարձր են միայն պատմության եւ հանրահաշվի գնահատականները»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավորը։
Հանրակրթական դպրոցներում կրթության անորակությունը պայմանավորելով մի շարք գործոններով՝ Ա. Բախշյանը շեշտեց դրանցից ամենակարեւորները՝ դասավանդվող առարկաների ավելացում (նախկին 12-ի փոխարեն՝ շաբաթվա կտրվածքով 33-34 դասաժամում այժմ դասավանդվում է 18 առարկա), մարզպետերի անփութություն եւ անհետեւողականություն, ինչի արդյունքում չեն հաշվառվում դպրոցահասակ բոլոր երեխաները, դասագրքերի բարդ շարադրանք, ուսումնական պլանի անկատարություն եւ այլն։ «1996-97 թթ. միջին դպրոցում դասավանդվում էր 12 առարկա, այսօր դասավանդվում է 18 առարկա, սակայն նույն ժամաքանակով, ինչ որ նախկին 12 առարկաների ժամանակ»,- ընդգծեց պատգամավորը։
Ամփոփելով՝ Ա. Բախշյանը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության՝ իրեն տրամադրած տվյալների՝ այսօր հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայություն են անցնում 297 անկիրթ երիտասարդներ, որոնք չգիտեն գրել նույնիսկ իրենց անունը։




























