«Որևէ հիմք չկա, որ մենք հիմա մտածենք ինչ-որ մի այլ քաղաքական ուժի հետ կապի մեջ մտնելու մասին։ Ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա»,-այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցի այլ ուժերի հետ դաշինք կազմած: Հիշեցնենք, որ օրերս ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւս հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը որեւէ այլ ուժի հետ միավորվելու խնդիր չի քննարկում:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին շրջանառվող խոսակցություններին, Վարդան Բոստանջյանն ասել է. «Միգուցե ես քիչ կոմպետենտ մարդ եմ, բայց ես միշտ թերթերից եմ լսում այդ տարաձայնությունների մասին։ Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։ Առանց չափազանցության՝ իսկապես ոչինչ չկա»: Ինչ վերաբերում է Նոր Նորքի զանգվածում տեղի ունեցած «ռազբորկային», որին մասնակցել են ԲՀԿ-ականներ, պատգամավորը նշեց. «Ինչ վերաբերում է մասնակիցներին, արդեն կարևոր չէ՝ մե՞րն են, ձե՞րն են. դա մեր հասարակությունն է։ Բոլորը մտնում են այդ դատապարտելի երևույթի մեջ։ Պետությունը՝ իր համապատասխան մարմիններով պետք է այնպիսի կեցվածք ընդունի, որի պարագայում նման երևույթները բացառվեն»:




























