ՄԱԿ-ի տվյալների համաձայն աշխարհում 75 միլիոն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: Հիմնականում երեխաները բնակվում են Աֆրիկայի եւ Ասիայի թույլ զարգացած պետություններում: Վիճակը փոփոխելու համար այս տարի մի շարք երկրների ղեկավարներ եւ խոշոր միջազգային կազմակերպություններ բարեգործական արշավ են սկսել: Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) մամուլի ծառայությունից, Հայաստանի բջջային օպերատորը միացել է բարեգործական «1 Goal: Կրթություն բոլորի համար» ակցիային՝ կոչ անելով բաժանորդներին ապրիլի 21-ից հուլիսի 11-ը ուղարկել «Yes» տեքստով անվճար SMS 6462 կարճ համարին եւ աջակցել աշխարհի բոլոր դպրոցներում տարրական անվճար ուսուցման արշավին:
Ակցիայի ընթացքում ստացված ձայները կփոխանցվեն «Հանուն կրթության» համաշխարհային արշավի օգտին` նպատակ ունենալով սեւեռել տարբեր երկրների ղեկավարների եւ հանրության ուշադրությունը կրթական համակարգում գլոբալ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:
«Համոզված եմ, որ մեր բաժանորդները ակտիվորեն կմասնակցեն այս ակցիային` իրենց ավանդը ներդնելով աշխարհի բոլոր մանուկների համար կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում»- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` ընդգծելով, որ «1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնությունը՝ շարժական կապի օպերատորների պատմության մեջ համատեղ խոշորագույն ակցիան, եզակի է իր ծավալով եւ բնույթով:
Տեղեկացնենք որ, այս արշավին միացել են GSM Միջազգային Ընկերակցության անդամ 20 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդների: «ՎիմպելԿոմ»-ն աջակցում է ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:



























