Արդարադատության նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւանի բնակիչն իր հարեւանին պարտքով գումար էր տվել, սակայն նա պայմանավորված ժամկետներում չէր վերադարձրել պարտքը: Պարտատերը դիմել էր դատարան եւ դատարանը որոշել էր, որ պարտքի դիմաց նրա հարեւանի գույքի վրա պետք է արգելանք դրվեր, այնուհետեւ հօգուտ իրեն բռնագանձվեր անհրաժեշտ գումարը:
Պարտատերը բռնագանձման վերաբերյալ դատարանի որոշումները ներկայացրել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ), սակայն ԴԱՀԿ-ն սահմանված կարգով երեք օր առաջ չէր տեղեկացրել գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին, եւ պարտատերը չէր մասնակցել գույքագրման աշխատանքներին: Ինչ վերաբերում է բռնագանձված գույքի ուղղակի վաճառքին, ապա դրա մասին որոշումն ըստ օրենքի պետք է կայացվեր գույքագրման պահին, սակայն տեղի է ունեցել դրանից յոթ ամիս անց:
Պարզվում է, որ այդ ընթացքում արգելադրված գույքը գողացել են, եւ, փաստորեն, ԴԱՀԿ-ն վաճառքի մասին որոշում է կայացրել արդեն գոյություն չունեցող գույքի վերաբերյալ:
Այսպիսով, Քանի որ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել են մի շարք խախտումներով, որոնց արդյունքում պարտատերը զրկվել է իր պարտքը ետ ստանալու իրավունքից, Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում»:




























