Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Ս. Անդիկյանի կողմից փաստաթղթեր կեղծելու եւ հարկերից չարամտորեն խուսափելու, իսկ համայնքի ղեկավարի կողմից՝ խոշոր չափերի գումարներ յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ս. Անդիկյանը 2007-2008թթ. ընթացքում Շիրակի մարզի Աղին, ապա նաեւ Բագրավան համայնքների ղեկավարների հետ անհատ ձեռնարկատեր Կ. Սարոյանի անունից կնքել է ապրանքանյութական արժեքների փոխանակման պայմանագրեր:
Կ. Սարոյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, իրավասու լինելով հանդես գալ որպես պայմանագրի կողմ` Ս.Անդիկյանը, ոստիկանությունում ծառայության հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը թաքցնելու նպատակով` պայմանագրերում, հաշիվ-ապրանքագրերում եւ կատարողական ակտերում նմանակել է ու կեղծել Կ. Սարոյանի ստորագրությունը:
Այնուհետեւ կեղծ փաստաթղթերն օգտագործելու միջոցով վերոհիշյալ համայնքներում իրականացրել է ոռոգման անօգտագործելի ջրագծերի 15161 գծամետր մետաղյա հին խողովակների ապամոնտաժման աշխատանքներ: Ապամոնտաժված խողովակները Ս. Անդրիկյանն իրացրել է «Եվրոպա» ՍՊ ընկերությանը, ստացել շահույթ, սակայն Անիի տարածքային հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել` այդ կերպ խուսափելով խոշոր չափերի` 11 825 317 ՀՀ դրամ հարկերի վճարումից:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Շիրակի մարզի Աղին համայնքի ղեկավար Գ. Հակոբյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքի գազաֆիկացման աշխատանքներն իրականացնող «Արտինժեներինգ» ՍՊ շինարարական կազմակերպությանը հենասյուներ տրամադրելու պատրվակով, առանց համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու եւ վերջինիս համաձայնությունն ստանալու, ապամոնտաժել է համայնքի հաշվեկշռում գտնվող 1100 գծամետր տարբեր տրամաչափերի ոռոգման անօգտագործելի ջրագծի մետաղյա հին խողովակներ: Ապամոնտաժված խողովակները համայնքի ղեկավարը Ս. Սարոյանի միջոցով իրացրել է «Զիր բլագ» ՍՊ ընկերությանը եւ ստացված խոշոր չափի 1 100 000 ՀՀ դրամ գումարը յուրացրել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Անդիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին եւ 205-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գ. Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:



























