Հայաստանի  բնակչությունը տոտալ սովի պայմաններում է ապրում: Ամեն դեպքում նման եզրակացություն կարելի է անել պաշտոնական տեղեկություններից: Հայաստանի Ազգային Վիճակագրական Ծառայությունը (ԱՎԾ) վերջերս հրապարակել է «2013թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների աղքատությունն ու պարենային ապահովվածությունը» զեկույցը:

Բերված են բնակչության կողմից սննդամթերքի օրական սպառման տվյալները: Պարզվում է, որ 2012թ.-ին Հայաստանի բնակիչների կողմից սննդի սպառման միջին ցուցանիշը կազմում էր օրական 2169 կկալ: Նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղում այն կազմում է օրական 2232 կկալ: Հիշեցնենք, որ «զամբյուղն» ինքնին թերի է: Նախ, սպառման օրական պաշարը մոտ է սովին, երկրորդ, կան լուրջ անհամամասնություններ: Ստացվում է, որ նույնիսկ այդ չնչին նորման երկրում չի ապահովվում…

Կարծիք կա, որ մայրաքաղաքում պայմաններն ավելի լավ են, քան մարզերում, սակայն նույն այդ պաշտոնական տվյալները վկայում են, որ Երեւանի ցուցանիշը 28 կկալով պակաս է միջին հանրապետականից: Այսինքն երեւանցիները սովի շեմին են եւ խիստ դիետա են պահպանում: Մարզերից ամենավատ ցուցանիշն Արմավիրի մարզին է պատկանում, որտեղ սննդի օրական պաշարը միջին հանրապետական ցուցանիշից պակաս է 183 կկալով:

Հարց է ծագում, թե արդյոք մեր հարուստները եւս սովի՞ են մատնված, եւ նրանց մարդասիրական օգնություն է անհրաժեշտ: «Էլիտար» դասի համար անհանգստանալու կարիք չկա, եւ պարադոքսն ունի պարզ բացատրություն: Նշված տարում արական մեկ շնչին ընկնող մսի չափաբաժինը կազմում էր օրական 127,6 գրամ: «Զամբյուղում» դրա ցուցանիշը 48,3 գրամ էր կազմում: Տարբերությունը 79,3 գրամ է կամ տարեկան 29 կգ: Այսինքն միջինը չորս հոգուց բաղկացած ընտանիքում մսամթերքը տարեկան 116 կգ-ով ավելի էր նորմայինց: Իրականում հասարակության մի հատվածը միսը սպառում է գրամներով, մի մասը՝ կիլոգրամներով:

Նշենք, որ պարենի եւ «զամբյուղի» նորմայի բալանսը վիճակագիրները հաշվարկում են տարբեր մեթոդներով: «Զամբյուղի» պարենային ապրանքների հավաքածուի նորման որոշվում է տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների արդյունքում, իսկ ահա բալանսը որոշվում է սննդի տեղական արտադրության, արտահանման եւ ներմուծման տարբերության եւ այլ ցուցանիշների մասին տվյալների հիման վրա: Այդ երկու հաշվարկների միջեւ տարբերություն զգալի է, ինչից կարելի է եզրակացնել, որ առնվազն դրացից մեկը սխալ է:

Հասկանալի է, որ ընտանքային հետազոտությունների ժամանակ հարուստների խավը բացակայում է, քանի որ շատ դժվար է պատկերացնել օլիգարխի, որը մանրամասն լրացնում է իր գնած ապրանքների, ստացած եկամուտների մասին հարցաթերթիկը: Այնպես որ, սպառման նորմաների մասին մշակված վիճակագրական տվյալները հիմնականում արտացոլում են անապահով խավերի կենսամակարդակը:

Հավելենք, որ մսամթերքները «զամբյուղի» ամենաթանկ բացաղրիչներից մեկն է: Ամենայն հավանականությամբ, նմանատիպ տարբերություններ կան  նաեւ այլ մթերքների պարագայում: Այդ գործոնը զգալիորեն նվազեցնում է պարենային ապրանքների հավաքածուի գինը, հետեւաբար նաեւ «զամբյուղի» գինը: Դրանով արհեստականորեն նվազեցվում են երկրում աղքատության իրական մասշտաբները:

Սմբատ Գրիգորյան