«Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշումը համարում եմ հերթական ոտնձգություն մեր անկախության նկատմամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ մեկնաբանելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կառավարությանը ներկայացված այն օրինագիծը, որի համաձայն առաջարկ է արվում հանել օտարալեզու դպրոցներ հիմնելու՝ 1993 թ. դրված արգելքը։
Նրա խոսքով, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, փոխանակ ազգային դպրոցներում ուսուցման որակը բարձրացնելու, գնում է «վերնախավային» դպրոցներ ստեղծելու ճանապարհով. «Այդ դպրոցներում ուշադրություն կդարձվի վերնախավի երեխաներին, բայց պետք է ասեմ, որ այս նախաձեռնությունն ի սկզբանե անհասկանալի է։ Նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որտեղ գրված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է»,- ընդգծեց Ա. Իշխանյանը։
Նրա խոսքով, Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու արգելքը բոլորովին չի նշանակում, որ հայ աշակերտներն այլ լեզուներ չպետք է սովորեն. «Պետական լեզվի պահպանությունն անկախության բաղադրիչներից է, եւ 12-ամյա հայկական կրթությունն, իմ կարծիքով, լրիվ բավական է, որպեսզի երեխաները դպրոցն ավարտելուց հետո փայլուն տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի»,- համոզմունք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե օտարալեզու դպրոցների բացման մասին խոսակցություններն ինչո՞ւ են ակտիվացել հատկապես վերջին շրջանում՝ Ա. Իշխանյանը նկատեց. «Չգիտեմ՝ ինչու հատկապես հիմա, սակայն կարող եմ ենթադրել, որ վերնախավը ցանկանում է հատուկ իր համար նախատեսված վերնախավային դպրոցներ ունենալ, ինչպես խորհրդային տարիներին վերնախավային դպրոցներ էին ռուսական դպրոցները»։
Նշենք, որ ԿԳՆ կողմից կառավարությանը ներկայացված համապատասխան օրինագծի համաձայն՝ առաջարկ է արվում հանել օտարալեզու դպրոցներ հիմնելու՝ 1993 թ. դրված արգելքը։



























