Ապրիլի 21-ին Վան ժամանած Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը հանդիպել է Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուի հետ: Հանդիպման թեման եղել է Ախթամարի Ս.Խաչը կրոնական արարողությունների համար վերաբացելու եւ առաջին պատարագի կազմակերպման ու գմբեթին խաչ տեղադրելու հետ կապված հարցերը:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտնել է, որ տպավորված է արք. Աթեշյանի այցելությունից: Նահանգապետը նշել է, որ սեպտեմբերի 12-ին Վան այցելող բոլոր հյուրերին ամենալավ ձեւով են պատվելու: «Ախթամարի Ս. Խաչում պատարագների անցկացումը խաղաղ միջավայրում անցկացնելու համար Վանի նահանգապետարանը եւ ժողովուրդը ամեն ինչ անելու է: Մենք ցանկանում ենք, որ մեր հյուրերը Վանից եւ Թուրքիայից գոհ հեռանան»,- նշել է Վանի նահանգապետը:

Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը՝ նշելով, որ Վանի Ս. Խաչը տասնյակ տարիներ փակ է կրոնական արարողությունների համար, շարունակել է. «Ախթամարի եկեղեցին նախկինում մեր կարեւոր հոգեւոր կենտրոններից մեկն էր: 1915-ից հետո այն մեր ձեռքից վերցրեցին: Մի շարք եկեղեցիների պես անխնամ վիճակում հայտնվեց: Սակայն վերջին շրջանում մշակույթի նախարարության եւ Վանի նահանգապետարանի ջանքերով այն վերանորոգվեց: Մենք խնդրեցինք, որպեսզի տարվա մեջ մեկ անգամ պատարագ անցկացվի, սակայն այն ժամանակ մերժեցին: Հիմա արդեն թույլատրել են, ինչի համար ուրախ ենք: Հուսով ենք ամեն տարի, սեպտեմբերի կեսին Վարագա Սուրբ Խաչի տոնը այստեղ ենք նշելու»,-հայտնել է Աթեշյանը եւ ամփոփել, որ իրենք խնդրելու են նաեւ թույլտվություն` գմբեթին խաչ տեղադրելու համար:

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը մարտի վերջին ստորագրել է Վանի նահանգապետի դիմումը՝ թույլատրելով, որ հայերը տարին մեկ անգամ կարողանան Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնել։

Այս տարվա սեպտեմբերի 12-ին նախատեսված է իրականացնել առաջին պատարագը, որը համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին: Պատարագը հանդիսապետելու է արք. Արամ Աթեշյանը: