Երեկ` ապրիլի 21-ին երեկոյան ժամը 18.30-ի սահմաններում, քաղաքացիները ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանություն և հայտնել, որ Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող «Վայոց Ձոր» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը` համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մինչեւ ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, կրակոց արձակողը դիմել էր փախուստի: Փոխարենը ականատես բնակիչները տեսել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում «Ռենջ-Ռովեր» մակնիշի 10…100 համարանիշով ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ և իր մոտ եղած «Վինչեստեր» հրացանով անկանոն կրակել օդ, ապա դիմել փախուստի:

Նշենք, որ միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել Մալաթիայի ոստիկանապետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը եւ օպերատիվ խումբը, սակայն հանցագործն այլեւս տեղում չի եղել: