44-ամյա հաշմանդամ ազատամարտիկ Հայկ Պետրոսյանն ամսական ամենաքիչը 15 000 դրամ է ծախսում դեղերի վրա, առանց որոնց 4-5 ժամ չի ապրի։

«Ամեն օր 500 դրամի դեղ եմ օգտագործում, եթե այդ դեղերը չօգտագործեմ 4-5 ժամ չեմ ձգի։ Ստանում եմ 72 000 դրամ թոշակ, երեք անչափահաս երեխա ունեմ, ես էլ չեմ աշխատում, մի կերպ յոլա ենք գնում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկը, որը նաեւ ազատ ոճի ըմբշամարտի վարպետ է:

Ազատամարտիկը 1992-ից Արծվաշենում է թողել հայրական տունը, իսկ պաշտպանության նախարարությունը միայն 2 մլն դրամ է տրամադրել Ճամբարակ քաղաքում բնակարան գնելու համար:

«Մինչեւ ապրիլ, մայիս ամիսներ մնացած 2500 դոլարն էլ պիտի տամ, բայց չգիտեմ որտեղից»,- ասաց Հայկ Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ մի քանի անգամ վիրավորված ազատամարտիկը շատ վրդովված է ազատամարտիկների հանդեպ պետության վերաբերմունքից. «Պետությունը շատ վատ է վարվում մեզ հետ, եթե մենք սոցիալական պահանջներ ունենք, դա չի նշանակում, որ նվնվում ենք։ Ուղղակի չի կարելի նման կերպ վարվել մեզ հետ։ Ես նույնիսկ մարդ գիտեմ, որը շատ մեծ ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում, բայց հիմա նույնիսկ էդ երկու կոպեկ թոշակը չի ստանում, իսկ մարդիկ էլ կան, որ պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են տեղափոխել, հիմա հերոս են»:

Նրա խոսքով` եթե նորից պատերազմ լինի, էլի ազատամարտիկներն են լինելու առաջին գծում՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Պետության անուշադրությունից նեղացած ազատամարտիկը, միեւնույնն է, իր երեխաներին հայրենասիրական ոգով է դաստիարակում։

«Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաներն էլ ապրեն Հայաստանում, ծառայեն մեր բանակում,  քանի որ էս հողի համար ես արյուն եմ թափել»,-ասաց ազատամարտիկը:

Հայկ Պետրոսյանը հիմա էլ վիրահատության կարիք ունի, քանի որ դեռ մարմնից չեն հեռացվել 20-ից ավելի բեկորները, բայց հնարավորություն չունի հիվանդանոցում վճարել բուժման ծախսերը։

1992թ. 20-ամյա Հայկը կամավոր մասնակցել է Արծվաշենի ազատագրմանը, 10 օր անց տեղափոխվել է Հատուկ գնդի Կարմիր վաշտ, որտեղ կենդանի մնալու հավանականությունը շատ փոքր է եղել: 1992 թ. օգոստոսին ծանր վիրավորվել է գլխից, 12-ժամյա վիրահատություն տարել, այնուհետեւ դեկտեմբերին միացել է իր վաշտին:

Մասնակցել է Վահան գյուղի, Քարվաճառի ազատագրմանը: Պատերազմի ավարտից հետո աշխատել զորամասում, որպես դասակի հրամանատար, այնուհետեւ 2000թ. առողջության կտրուկ վատանալուց հետո, կամավոր դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից: