Հակառուսական ելույթ ունենալու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կկորցներ իր կողմնակիցներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ, փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
«Եթե Հայ ազգային կոնգրեսն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ դեմ արտահայտվեին Մաքսային միությանը, ապա հասարակության շատ քիչ տոկոսը կկանգներ նրանց կողքին: ՀԱԿ առաջնորդն իրողության մասին խոսեց, ոչ թե իր ցանկության»,-ասաց նա՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի փաստ է»:
NEWS.am-ի դիտարկմանը, թե առաջին նախագահի ելույթը հիասթափություն առաջացրեց հավաքվածների շրջանում, փորձագետը հակադարձեց. «Հայաստանի 90%-ը քաղաքականությամբ չի զբաղվում, ընդամենը 5%-ին է հետաքրքրում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Խոսքիս ապացույցն էլ այն է, որ հանրահավաքին չէին մասնակցում կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարող ավելի քան 100 հազար քաղաքացիները կամ գործազուրկները»:
Մինչդեռ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ Մաքսային միության «անշրջելի փաստ» լինելու հետ. «Եթե ասում ենք` Մաքսային միությունն անշրջելի է, ապա ուրեմն պետք է համաձայնվենք նաեւ այն մտքի հետ, որ 2008թ. Սերժ Սարգսյանի իշխանության գալն էր անշրջելի, 2013թ. վերընտրվելն էր անշրջելի, այդ ամեն ինչը անշրջելի էր, գազային խայտառակ պայմանագիրն էր անշրջելի: Ինչ ուզես, կարող ես անունը դնել անշրջելի ու ասել` Սերժիկ հեռացիր, բայց դա այդպես չէ»:
Այնուամենայնիվ, փորձագետները համակարծիք են, որ սխալ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատել Բիձինա Իվանիշվիլիի հետ: (Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ինչո՞վ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»):
«Շատ բաներով է պակաս: Այնքանով է պակաս, որքանով Սերժ Սարգսյանը Միխայիլ Սահակաշվիլիից, հենց այնքանով էլ Ծառուկյանն Իվանիշվիլիից: Շատ սխալ համեմատություն արեց»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:
Իր հերթին Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում «Իվանիշվիլիի պահանջարկ չկա»:
«Հայաստանի իրավիճակն այնպիսին չէ, որ Իվանիշվիլիի պահանջարկ լինի կամ կարիք լինի, քանի որ երկու երկրների միջեւ հսկայական տարբերություններ կան: Հասարակության իրավիճակներն են լրիվ տարբեր, տնտեսական վիճակը լրիվ ուրիշ է»,- ավելացրեց փորձագետ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը խիստ քննադատության եւ քննարկման առիթ էր դարձել ոչ միայն քաղաքական գործիչների, քաղաքագետների, այլեւ հասարակության շրջանում: 40 րոպեանոց ելույթից մասնավորապես հիշվում է հետեւյալ դրույթը. «Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























