Այսօր` ապրիլի 23-ին առավոտից վերսկսվել են ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնումները, ով ընկել է Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը:

Ապրիլի 22-ին, ժամը 9.30-ից մինչեւ 20.40-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների, ջրասուզակի եւ պարամեդիկի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի` Երեւանի Արշակունյաց եւ Տիգրան Մեծի պողոտաներով անցնող հատվածի խողովակներում, Ռոստովյան փողոցի տակով անցնող թունելում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, եւս մեկ անգամ ուսումնասիրվել են ջրանցքի` «Սուրմալու» առեւտրի կենտրոնով անցնող, ինչպես նաեւ Նոր Խարբերդից մինչեւ Ջրաշեն գյուղ մոտ 11 կմ երկարությամբ ձգվող հատվածները, որտեղ միաժամանակ որոնողական աշխատանքներ է իրականացրել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարար աշխատանքներին մասնակցել են նաև փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները եւ թիվ 3 ու 4 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը, ինչպես նաեւ ՀՓԾ եւ «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ պաշտոնատար այլ անձինք: