Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության Գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:

Հանդիսավոր երեկոյին մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:

Ելույթ ունեցողները նշել են, որ «հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե՛ Հայաստանում, թե՛ սփռված աշխարհով մեկ, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը՝ հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել ու դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: