Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարված հարաբերությունների էսկալացիան արդեն անդրադարձել է երկու երկրների տնտեսությունների վրա: Միայն մեկ օրինակ. Վերջին ժամանակներս ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ կտրուկ նվազել է:

Իրավիճակը շտկելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն բավական մեծ գումարներ է ծախսել իր ոսկու եւ արժութային պահուսներից: Միայն մարտի 3-ին (ռուբլու համար ամենածանր օրը) Ռուսաստանի ԿԲ-ն արժութային շուկայում վաճառել է ավելի քան 10 մլրդ դոլար, սակայն դոլարն, ընդհանուր առմամբ, պահպանել է իր ռեկորդային մակարդակը (մարտի 10-ի դրությամբ՝ մեկ դոլարն արժե 36 ռուբլի):

Ռուսաստանի ԿԲ-ի բազմամիլիարդանոց արժութային ինտերվենցիաները թույլ են տվել միայն ժամանակավորապես կանխել ռուբլու հետագա փլուզումը, բայց արժութային շուկայում հիմնական գործոնները պահպանվում են: Դրա համար էլ առանձին ռուսաստանցի փորձագետների կանխատեսումները բավական մռայլ են:

Բացի դրանից, չի բացառվում, որ հակամարտությունը կարող է հարվածել նաեւ աշխատանքային միգրանտներին:

Հաշվի առնենք մի պահ. Ռուսաստանը հաճախ է քաղաքական կանֆլիկտները կամ տարաձայնությունները տեղափոխում տնտեսական ռելսերի վրա: Վառ օրինակ է 2006 թ վրացական գինիների ներկրման արգելքը: Եթե Ռուսաստանում «զբաղվեն» ուկրաինացի գաստարբայտերներով, ապա մի քանի ճյուղերում կստեղծվի յուրպրինակ վակուում՝ կապված աշխատուժի հետ…

Փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանում մշտապես առնվազն մեկ ու կես միլիոն ուկրաինացիներ կան եւ նրանց ավելի քան մեկ միլիոնն աշխատում է առանց համապատասխան փաստաթղթերի ձեւակերպման: Նշենք, որ շինարարության ոլորտը «հիմնված է» Ուկրաինայի, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների հիման վրա, ապա առեւտրում զբաղված են հիմնականում Անդրկովկասի ու Միջին Ասիայի քաղաքացիներ:

Մեր ներգաղթյալների ապագան նույնպես ամբողջապես կանխատեսելի է: Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ կարգավորել ապօրինի ներգաղթյալներին վերաբերող հարցը, եւ մնում է միայն սպասել, թե երբ այդ խնդիրը կլուծվի:

Մեր ներգաղթյալները հայրենիք գումար փոխանցելու մասին հաճախ օգտվում են առավել պարզ միջոցից՝ առանց ռուսական բանկերում հաշիվներ բացելու: Այսինքն օգտվում են դրամական փոխանցումների միջազգային համակարգից (այդ թվում MoneyGram-ից), որոնք, որպես կանոն, ռուսական ռուբլին փոխարկում են ամերիկյան դոլարի:

Նշենք, նախորդ տարվա մարտի համեմատ ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 18%-ով:  Հայաստանում նույն շրջանում դոլարն ամրապնդվել է… 0,1%-ով:

Այսկերպ, ՌԴ-ից  դրամական փոխանցումները դոլարով ստացողները հսկայական «մինուս» կրեցին՝ չնչին «պլյուսի» պայմաններում՝ «կանաչները» դրամի փոխարկելիս:

«Մինուսը» բացատրենք օրինակով:  Մեկ տարի առաջ Հայաստան 30,7 հազ ռուսական ռուբլի ուղարկելիս հասցեատերը հազար դոլար էր ստանում: Այժմ նա ստանում է ընդամենը 820 դոլար: Պարզ է, որ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների  նման կտրուկ անկումը մեր երկրի համար բացասական հետեւանքներ կունենան:

Ռուսական տրանսֆերտների  գոնե նախկին ծավալը պահպանելու համար հարկավոր է այնտեղից ուղարկվող գումարների  համարժեք (երկնիշ տոկոսով) աճ: Բայց նման հրաշքի հավանականությունը համարյա զրոյական է: Այնպես որ, ամեն ինչ կախված է ռուսական ռուբլու հետագա վիճակից:

Սմբատ Գրիգորյան