Հայաստանի ասորիների կազմակերպությունների «Խայադտա» ֆեդերացիան նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` Հայաստանի խորհրդարանին կոչ անելով ճանաչել 1915-18 թվականներին Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանությունը:
Ասորական կազմակերպության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ապրիլի 24-ին ամբողջ հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի ազգությամբ ասորի քաղաքացիները եւ ամբողջ աշխարհի ասորիները նույնպես սգում են հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի համար: Նույն ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության տարածքում իրականացվել է ցեղասպանություն ասորիների դեմ, որին զոհ են գնացել 500-ից 750 հազար ասորիներ»:
«Պետականություն չունեցող ասորի ժողովրդի ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից կնպաստի նրա միջազգային եւ քաղաքական հեղինակության բարձրացմանը, հրեշավոր հանցագործության ճանաչման հարցով Թուրքիայի նկատմամբ ճնշման ուժեղացմանը եւ հայերի ցեղասպանության ճանաչմանը այլ պետությունների կողմից»,- ասված է նամակում:




























